Ժամանակակից բրիտանական երաժշտության ընտրանին The Selector ռադիոհաղորդման եթերում է: Այս ռադիոհաղորդման ընթացքում ներկայացվում է արդի երաժշտության գրեթե բոլոր ուղղությունները` ազգագրականից մինչև հիփ հոփ, ջազից մինչև սոուլ: Եվ սա դեռ ամենը չէ: Հաղորդումը պատմում է լավագույն երաժիշտների մասին, նրանց հետ վարում հարցազրույցներ ու ներկայացնում ամենավերջին նորությունները:
Բրիտանական խորհուրդը և ArmRadio FM 107 հեռարձակում են The Selector ռադիոհաղորդումը Հայաստանում: The Selector ռադիոհաղորդումը հեռարձակվում է յուրաքանչյուր կիրակի ժամը 18.00-ից-19.00: Եթե Ձեզ գրավում է բրիտանական երաժշտությունը, ապա The Selector-ը հենց Ձեզ համար է: Մեր նպատակն է հայ ունկնդրին ծանոթացնել Մեծ Բրիտանիայի երաժշտարվեստի նոր դեմքերի հետ, ներկայացնել նրանց տպավորիչ ստեղծագործությունները, հասանելի դարձնել այն անսովորն ու նորարարականը, որը դուրս է մնում ավանդական հիթային սանդղակներից:
The Selector ռադիո հաղորդումը Բրիտանական խորհրդի և Somethin' Else ստեղծագործական ընկերության համատեղ ծրագիրն է: The Selector ռադիոհաղորդման գաղափարը ծնվեց 2001 թվականին: Ներկայումս այն հեռարձակվում է աշխարհի ավելի քան 30 երկրներում:
Հեռարձակման մեկնարկից ընդամենը երկու տարի անց The Selector-ն առաջադրվեց հեղինակավոր Sony Radio Academy Awards մրցույթում` որպես լավագույն ռադիոհաղորդում: 2005 թվականին արդեն The Selector-ն արժանացավ հեղինակավոր այս մրցույթի ոսկե մրցանակին:
The Selector ռադիոհաղորդումը ժամանակակից բրիտանական երաժշտության ճանաչված ձայնն է ողջ աշխարհում, որը հնչում է նաև Հայաստանում: Ռադիոհաղորդումը հասանելի է The Selector կայքում, ուր կարող եք գտնել նաև բրիտանական երաժշտական անցուդարձին վերաբերող վերջին նորությունները: Հաղորդումը հասանելի է նաև CulturalDialogue կայքում:
|